
101-ամյա Նյու Ջերսիի բնակչուհին՝ Անն Անջելետտին, որը դեռ շարունակում է աշխատել շաբաթը վեց օր, անկեղծորեն պատմել է, թե ինչու երբեք չի ցանկանում թոշակի անցնել։
Շատերը, ովքեր կհասնեն 100 տարեկանի, կկամենան պարզապես հանգստանալ ու վայելել վաստակած խաղաղությունը։ Բայց Աննը այդպես չի մտածում։
Նա ծնվել է 1920-ականների սկզբին և դեռ մանկության տարիներին դպրոցը թողել է՝ օգնելու ընտանիքին՝ Բրուքլինում գործող իրենց մթերային խանութում։ Այդ ժամանակ սառնարաններ չկային, և նրա հայրը ձյուն էր վաճառում տնից տուն՝ ձիով քարշ տվող սայլով։
Կնոջ կյանքը լի է եղել փոփոխություններով, բայց նա դեռ չի պատրաստվում կանգ առնել։
Այսօր Աննը աշխատում է Նյու Ջերսիի «Diamond District»-ում՝ որպես ոսկերիչ։ Նա ղեկավարում է իր սեփական բիզնեսը՝ Curiosity Jewelry կոչվող խանութը՝ դստեր և թոռնուհու հետ միասին։
Աշխատում է շաբաթը վեց օր և, ինչպես պատմել է ABC7-ին, ունի շատ պարզ բացատրություն՝ ինչու չի ցանկանում դադարեցնել աշխատանքը.
«Եթե թոշակի անցնեմ, կմեռնեմ։ Չեմ կարող տանը նստել», — ասել է Աննը։
Անշուշտ, նրա դեպքում դա ռիսկ չի արժի։
Աննը երբեք երկար չի հանգստացել․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է նավաշինարանում, երբ ամուսինը ծառայության մեջ էր, իսկ ավելի ուշ դարձել է մատուցողուհի։
Հետո, երբ տեսել է, որ ոսկերչական խանութը տրվում է վարձակալությամբ, զանգահարել է սեփականատիրոջը։
«Հարցրեցի՝ որքան է վարձը, ասաց՝ ամսական 85 դոլար, դա 1964-ին էր», — հիշում է նա։
(Գրեթե այնքան, որքան այսօր շատերը ծախսում են սուրճի վրա։)
Սակայն Աննին աշխատանքի մեջ միայն եկամուտը չի գրավում։ Նա հոգ է տանում հաճախորդների մասին՝ նույնիսկ եթե նրանք ոչինչ չեն գնում։
«Ես չեմ նեղանում, եթե չեն գնում։ Կարող ենք պարզապես սուրճ խմել ու խոսել», — ասում է նա։
Հաճախորդներից մեկն անգամ նրան նկարագրել է որպես «ոգեշնչող մարդ»։
Աննը հավատում է, որ իր երկար կյանքի և հաջողության գաղտնիքը հոգատար վերաբերմունքն է սեփական անձի հանդեպ․
«Պետք է արթնանաս, լողանաս, ուտես, հոգ տանես քեզ մասին։ Պետք է շարժվես։ Եթե չես սիրում այն, ինչ անում ես՝ փոխիր։»
Եվ ավելացնում է․
«Ամեն օրվանից առավելագույնը վերցրու։ Ես երջանիկ եմ, երբ աշխատում եմ ամեն օր»։